Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ/EBRD) նախատեսում է 2026 թվականին ընդհանուր առմամբ շուրջ 5 միլիարդ եվրոյի ներդրումներ ուղղել այն տնտեսություններին, որոնք տուժել են Մերձավոր Արևելքի հակամարտությունից։ Երկրների թվում է նաև Հայաստանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանկի հայտարարության համաձայն՝ Հայաստանը ներառված է այն երկրների շարքում, որոնք անմիջականորեն չեն հանդիսանում հակամարտության կողմ, սակայն ենթարկվում են դրա տնտեսական ազդեցությանը՝ որպես տարածաշրջանային շղթայի մաս։
Նշվում է, որ հակամարտության հետևանքները արտահայտվում են առևտրային ուղիների խափանումներով, էներգետիկ և հումքային շոկերով, ներդրումային վստահության նվազմամբ և սոցիալ-տնտեսական ճնշումների աճով։
ՎԶԵԲ-ը հայտարարել է, որ հակամարտության արձագանքման իր ծրագիրը կներառի ֆինանսական հաստատությունների աջակցություն, մասնավոր հատվածի կայունության ապահովում և ենթակառուցվածքների զարգացում, ինչից կարող է օգտվել նաև Հայաստանը։









