Երեկ ԱԺ-ում Հայկ Սարգսյանը, երբ քննարկվում էր նրա՝ գումարի դիմաց ավելի քիչ ծառայելու վերաբերյալ արդեն երկրորդ անգամ մերժված օրինագիծը, սենսացիոն բացահայտում արեց. «Զորակոչը կրիտիկական վատ վիճակում է: Զորքի թիվը 44 հազարից 14 տարում իջել է 14 հազար»: Խոսեց նաեւ այն մասին, որ բանակում շաբաթը մեկ են լոգանք ընդունում, հրապարակեց քաղաքացիությունից հրաժարվելու վիճակագրություն, ըստ որի՝ 2025-ին իգական սեռի մոտ 60 անձ է հրաժարվել քաղաքացիությունից, իսկ արական սեռի` 2․811 հոգի, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 44 տոկոսով ավելի է:
Հիշեցնենք, որ երբ ընդունվում էր բանակում ծառայությունը մեկուկես տարի դարձնելու վերաբերյալ օրինագիծը, հայտարարում էին, որ այն կկրճատի բանակից խուսափողների թիվը, բայց բանակի թիվը չի կրճատվի: Որոշ փորձագետներ, ինչպես, օրինակ, Կարեն Հովհաննիսյանը, առաջարկում էին էլ ավելի իջեցնել զինվորական ծառայության շեմը՝ այն հասցնելով 1 տարվա, որպեսզի ծառայողները շատանան: Փաստորեն, ճիշտ հակառա՞կն է ստացվել: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշում է. «Ծառայությունը 6 ամսով կրճատելը նշանակում է անձնակազմի 25 տոկոսով կրճատում: Իհարկե, զորքը պետք է փոքրանար: Այլ կերպ չէր կարող լինել:
Պաշտպանության ամրապնդման իմիտացիա է արվում: Քարոզչական դաշտում առավոտից երեկո դատարկախոսությամբ են զբաղված: Հիմա համեմատեք 14 հազարը Ադրբեջանի բանակի թվի հետ` 100 հազար է»:
Սուրեն Պապիկյանը հույս ուներ, որ ծառայությունը 1,5 տարի դարձնելով, զուգահեռաբար կաշխատի «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, կունենանք մեծ թվով պայմանագրային զինծառայողներ:
«Սա կարող էր արդյունք տալ, եթե պայմանագրային զինծառայողները լինեին մի 15-20 հազար հոգի: Մնացածը ժամկետային լինեին, բայց այդ ծրագրի գրավչությունը ցածր է: Եթե այս տեմպերով գնանք, 10 տարի հետո նոր կարող է հասնենք ինչ-որ քանակային արդյունքի»,- ասում է ՊՆ մեր աղբյուրը: Ըստ նրա, ՊՆ կառավարումն արդյունավետ չէ, բանակի բարեփոխումը դանդաղ է իրականացվում:
«Հայաստանում կայուն թիվ է եղել բանակից փախչողների՝ մոտ 50 տոկոսը փախել է, 50 տոկոսը ծառայել է: Մարզերում՝ մի քիչ շատ, Երեւանում` ավելի քիչ: Հիմա որ մի տարի, տարիուկես խաղաղություն է, ընդհանուր զորակոչվածների թիվն ավելացել է: Զորակոչային տարիքի բանակայինների 52 տոկոսն է գնացել ծառայության»,- ասում է նա:
Հայկ Սարգսյանի ելույթը լայն քննարկումների տեղիք է տվել ոչ միայն հանրային հարթակներում, այլեւ՝ զինվորականության եւ պաշտպանության ոլորտին հարող շրջանակներում: «Հրապարակի» տեղեկություններով, այն, ինչի մասին խոսեց Հայկ Սարգսյանը, համակարգում վաղուց են իմացել, եւ դա այսբերգի միայն տեսանելի հատվածն է: «Իրականում, նա մի բան էլ քիչ է ասում: Այն, ինչ անում է նախարար Պապիկյանը, ուղղակի կատաստրոֆա է: Էսքան փողը, քաղաքական կապիտալը փոշիացնելը... Ամերիկացիների, ֆրանսիացիների, չինացիների, Հնդկաստանի հետ աշխատելու հնարավորություն ունի, որը երբեք չի եղել: Իսկ ի՞նչ է նա անում: Ոնց որ մեկին տաս մի շեն այգի, կապիտալ, փող, պարարտանյութ, հող, ու ինքն աշնանը քեզ բերք չտա»,- վրդովվում է ՊՆ-ին մոտ պաշտոնյան՝ խնդրելով իր անունը չնշել:
Իսկ ի՞նչ է անում Պապիկյանը: Մեր տեղեկություններով, այսօր նրա թիվ մեկ խնդիրը մայիսի 28-ի նախընտրական զորահանդեսի նախապատրաստական աշխատանքներն են, որոնք տեղի են ունենում մարտական պատրաստվածության հաշվին: Այն բարձիթողի վիճակում է:
«Մարտական պատրաստվածությունը դաս է, դա ոնց որ դաս լինի, դասը չեն անում, էնպես են անում, որ պառադ քայլեն»,- հայտնում է մեր աղբյուրը: Ինչպես հայտնի է, այն տեղի է ունենալու Հանրապետության տոնի օրը, նախատեսվում է ցուցադրել բանակի սպառազինությունը: Այս մասին արդեն հայտարարել է Փաշինյանը: Մեր աղբյուրները պատմում են, որ ՔՊ վերնախավում անգամ ոչ բոլորն են ողջունում այս գաղափարը` դեմ են շքերթին, քանի որ այն, որոշ ՔՊ-ականների կարծիքով, հակասում է խաղաղության մարտավարությանը: Ասում են` կստացվի, որ առավոտից երեկո խաղաղություն ենք քարոզում, իսկ իրականում` պատրաստվում ենք պատերազմի: Մեր տեղեկություններով, շքերթի գաղափարին դեմ են ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Թալանի, վատնումների ու չարաշահումների դեպքերն էլ բանակում քիչ չեն, սակայն իրավապահներն աշխատում են աղմուկ չբարձրացնել դրանց շուրջ: Օրինակ, տեղեկություն չեն տրամադրում Եղվարդի զորամասի հրամանատարի կալանավորման մասին, որը մեղադրվում է առանձնակի խոշոր չափերի վատնման համար՝ 500 մլն դրամի միջոցների: Լուրը հավաստի է, սակայն դատախազությունից դեռ չեն հաստատել:









