Foto

Օշականցի Գևորիկը ազատվել է կալանքից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրեր առաջ կալանքից ազատվել է քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Գևորգ Մելիքյանը՝ Օշականցի Գևորիկը։ Դատարանը նրա նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառել` տնային կալանքը, համակցված բացակայելու արգելքով և 13 միլիոն դրամ գրավով։ Քրեական գործով անցնում են Օշականցի Գևորիկը և մեկ այլ օրենքով գող՝ Սամվել Հասանյանը՝ «Մանգո» մականվամբ։ Քրգործն այն մասին է, որ նշված անձինք, լինելով «օրենքով գողեր», օգտագործել են իրենց անունն ու կապերը՝ գումարի դիմաց կենցաղային հարցեր լուծելու համար։ 

Ի դեպ, տեղեկացանք նաև, որ Արագածոտնի մարզի դատարանն այս և ամիսներ առաջ նախաձեռնված քրեական վարույթը, որով Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել Օշականում գտնվող իր տան բակում թմրանյութ աճեցնելու համար, միացրել է իրար և ընդդատության կարգով ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը գտել է՝ քանի որ նույն վարույթով անցնող Մանգոն վանաձորցի է, գործը պետք է քննվի այնտեղ։ Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարան»։