Foto

Եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզոր և աներեր. Ամենայն Հայոց Հայրապետ

Արցախյան ողբերգական պատերազմից տարիներ անց տակավին տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը, որ տենչում են խաղաղություն ու անվտանգություն, Սուրբ Հարության տոնի առիթով հղած պատգամում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության ու անվտանգության, որի համար ազգիս զավակները վճարել են իրենց կյանքով։ Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն այսօր ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։

Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը, երբ անտեսվում ու խեղաթյուրվում են նվիրական արժեքները, երբ գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն, և կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են իրականացվում Եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզոր և աներեր։ Եկեղեցին Աստծո տունն է, հավատացյալների հավաքականությունը, իր փրկարար առաքելությամբ խաղաղության, եղբայրսիրության ջատագովն ու ավետարանողը, Քրիստոսի հրաշափառ Հարության անլռելի քարոզիչը։

Եկեղեցին հարուցյալ կյանքի հրավերն է մշտապես բարձրաձայնում՝ իր զավակներին զերծ պահելու համար հուսահատությունից, անիրավություններից ու անկումներից, զերծ պահելու հայրենական և ազգային անդաստանը՝ կորստաբեր ճանապարհներից։ Հարուցյալ կյանքը երբեք չի կարող լինել միմյանցից օտարացմամբ ու բաժանումներով, քրիստոնեական արժեքների խեղմամբ, Եկեղեցու առաքելության նսեմացմամբ ու սահմանափակմամբ, ազգային շահերը խեղաթյուրելով, արդարությունն ու ճշմարտությունը աղճատելով։ Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում, առաջադիմություն ու բարօրություն անձնական ու հասարակական կյանքում և կերտել մեր ժողովրդի հարատևության անխորտակելի հեռանկարները։

Արդ, սիրելիներ, Հայրապետական Մեր պատգամն է՝ նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը՝ ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունը՝ ընդդեմ անպատվության ու նենգադավության։ Առաջնորդվենք վնասակար ու կործանարար երևույթները բացառելու հանձնառությամբ, մեր պարտություններից ոտքի կանգնելու հաստատակամությամբ և նախնյաց ժառանգությունը անաղարտ պահպանելու նախանձախնդրությամբ։ Գերադասենք սերը, համերաշխությունը, միասնությունը, որպեսզի համատեղ ջանքերով կարող լինենք վեր հառնել մեզ պատուհասած նեղություններից ու դժվարություններից, ամրապնդել մեր պետականությունը և կերտել ազգի առաջընթացն ու բարգավաճումը։ Միշտ հավատարիմ մնանք հարուցյալ մեր Տիրոջը, Ով «Իր անձը տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկի ամեն անօրենությունից և մաքրի որպես Իրեն սեփական ժողովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի» (Տիտ. 2.14)»,- նշեց Ամենայն Հայոց Հայրապետը։