Foto

Քրեական ոստիկանները հայտնաբերել են ծանր մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդին

Մարտի 6-ին, ժամը 22։24-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել կտրած-ծակած, արնահոսող վնասվածքով 32-ամյա երիտասարդի։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին նախաքննական մարմին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 6-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, Անդրանիկի փողոցում գտնվող ռեստորաններից մեկի մոտ 32-ամյա երիտասարդը, վիճաբանել է 21-ամյա մի երիտասարդի հետ։ Վիճաբանության ընթացքում վերջինս կտրող-ծակող գործիքով ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել 32-ամյա երիտասարդին և նրա 60-ամյա ընկերոջը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությունը շարունակվում է։