Երեկ ԱԺ-ն Հողային օրենսգրքում նոր փոփոխություններ կատարեց, համաձայն որի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ այլևս չի տրամադրվի։
Խնդրահարույց կարգավորման վերաբերյալ 24News-ը հարց ուղղեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին, որն էլ նշեց. «Նման որոշումը հիմնազուրկ է, անընդունելի է և մեծապես խոչնդոտելու է մեր ժողովրդի հոգևոր կյանքի զորացմանն ուղղված Եկեղեցու հոգեխնամ, սոցիալական և կրթադաստիարակչական առաքելությանը։
Այս առնչությամբ արդեն իսկ խնդիրներ արձանագրվել են։ Օրինակ՝ տարիներ առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ձեռնարկել է Մայր Աթոռի տարածքում շուրջ 2000 երեխայի համար մանկապատանեկան զարգացման և կրթական նորագույն «Էդու» (Թումո) կենտրոնի կառուցման բարեգործական ծրագիրը, որի իրագործումը մինչ այսօր արհեստականորեն ձգձգվում է։
Նախագծման աշխատանքները վաղուց ավարտվել են, շինարարական ընկերության ընտրությունը կատարված է: Սակայն 2022 թվականին նախագծի համաձայնեցման փուլում կենտրոնի շինարարությունը չարտոնվեց: Պարզվել է, որ կառուցվելիք համալիրի նախագծային մակերեսի մի փոքր հատված կադաստրային քարտեզի վրա տեղադրելուց հետո համադրվում է Վաղարշապատ համայնքին պատկանող ոչ գործածելի փողոցին (355 քմ մակերեսով), ինչպես նաև դրան կից՝ Մայր Աթոռի պարսպից ներս գտնվող հատվածին (381 քմ մակերեսով)։
Խնդրի կարգավորման նպատակով Մայր Աթոռը 2022 թվականին դիմել է Վաղարշապատ համայնքի ավագանուն, որն էլ 2025թ․ հոկտեմբերին թիվ 119-Ա որոշմամբ նշված հողատարածքն անհատույց՝ նվիրատվությամբ, հատկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։
Սակայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման փուլում Կադաստրի կոմիտեն Վաղարշապատի համայնքապետի դիմումի հիման վրա կասեցրել է գործընթացը, որով և ձախողվել է կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի իրագործումը»։
Հոգևորականը հայտնեց նաև, որ արդյունքում Վաղարշապատ համայնքի և հարակից բնակավայրերի երկու հազար և ավելի պատանի հայորդիներ զրկվում են իրենց իսկ համայնքում ժամանակակից գիտական և կիրառական կրթություն ստանալու հնարավորությունից։









