Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ծննդավայր Ռիզեում ելույթ է ունեցել և անդրադարձել աշխարհում տիրող իրավիճակին։ Էրդողանը նշել է, որ Իրանի վրա հարձակումները ավելի են խորացրել տարածաշրջանի անկայունությունը։ Ըստ նրա՝ Թուրքիան մոբիլիզացնում է բոլոր ռեսուրսները խաղաղության և անդորրության հաստատման, ինչպես նաև երկխոսության և դիվանագիտության վերագործարկման համար։
Թուրքիայի նախագահը նաև շնորհավորել է ամբողջ իսլամական աշխարհին Ռամադանի (մուսուլմանների պահքի ամիս) կապակցությամբ։ Այդ համատեքստում նա նշել է, որ Թուրքիայի ջանքերով Ռամադանի ընթացքում Պակիստան-Աֆղանստան հակամարտությունը կդադարեցվի և Էրդողանը հուսով է, որ այդ ժամանակավոր հանգստությունը կդառնա մշտական։









