Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, պատասխանելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի եղբայր՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի վերաբերյալ հարցին, նորից հաստատակամորեն պնդեց, թե նա ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ է եղել։
«Կտրիճ Ներսիսյանի եղբայրը Սովետական միության ԿԳԲ գործակալ է եղել, և այդ փաստը ԱԱԾ-ն հանրայնացրել է»,- ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ պետը հղում է արել իշխող կուսակցությանը պատկանող Civic.am-ի՝ հենց ԱԱԾ-ին արված հարցմանը, որին ի պատասխան այնտեղից հայտնել էին, որ իրենց տրամադրության տակ առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) հետ։
Զավեշտն այն է, որ այսօր ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, որը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ընդդիմադիր լրատվամիջոցներին մեղադրեց ոչ անաչառ լինելու մեջ՝ հոխորտալով նիստը լուսաբանող լրագրողների վրա, հայտարարեց, թե դահլիճում ընդամենը մեկ չեզոք լրատվամիջոց է ներկա, ավելի ուշ ֆեյսբուքյան սեփական էջում լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ամենայն հավանականությամբ ՔՊ-ականը նկատի է ունեցել Civic.am-ին, մեկնաբանել է, որ իրականում այդ լրատվամիջոցն էլ անաչառ չէ։
«Բայց Սիվիկն էլ քպ-ական լրատվական ա։ Դուք իրոք չեք հասկանո՞ւմ՝ ես խնդիր չունեմ իրերն իրենց անունով կոչելու։ Սիվիկը քպ-ական է։ Ասեք ձեր լրատվականն ո՞ւմն է, ո՞վ է ֆինանսավորում»,- լրագրողի գրառումը մեկնաբանել է Ալեքսանյանը՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով՝ ով փողը տալիս է, երաժշտությունը պատվիրում է։
Վահագն Ալեքսանյանի դատողությունից ելնելով՝ իրավունք ունենք պնդելու, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի վերաբերյալ հարցման պատասխանի հրապարակմանը Civic.am-ում պետք չէ լուրջ վերաբերվել, որովհետև դա կարող է կուսակցական մանիպուլյացիա լինել։ Դե եթե կայքը ֆինանսավորվում է ՔՊ-ի կողմից, ապա ՔՊ քարոզչական նպատակներին պետք է ծառայեցվի։ Դա մենք չենք ասում, դա պատեհ կամ անպատեհ առիթով պնդում է ՔՊ-ական պատգամավորը։ Ափսոս, ԱԱԾ պետը դա չէր կարդացել ու Վահագն Ալեքսանյանի դատողությանը հակասող պնդումներ է արել։
Թագուհի Ասլանյան









