Երևանի Շենգավիթի թաղապետարանում մաքրուհուն ենթադրաբար ծեծելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնել են ՔԿ-ից։
Վարույթը նախաձեռնվել է՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով):
Նշենք, որ Շենգավիթ վարչական շրջանի բակային մաքրուհի Աիդա Մխիթարյանը հայտարարել էր, որ թաղապետարանում կոմունալ բաժնի ղեկավարն ու ենթակաները հայհոյել են իրեն, ծեծել ու քաշքշելով դուրս հանել շենքից այն բանից հետո, երբ աշխատավարձը վճարելու պահանջ էր ներկայացրել։ Թաղապետարանից հերքել են՝ պնդելով, որ մաքրուհին է իրենց հայհոյել և սադրել։









