Մալաթիայի համայնքային ոստիկանների տեղեկությունը հաստատվեց․ տղամարդը թմրանյութ էր իրացնում և ապօրինի պահում զենք-զինամթերք
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Շերամի փողոցի մի բնակիչ տանը ապօրինի պահում և իրացնում է թմրամիջոցներ։
Տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Մարտի 10-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց 52-ամյա տղամարդու բնակարանում։
Հայտնաբերվեցին և առգրավվեցին ավելի քան 92 գրամ ափիոն, 69 գրամ մարիխուանա, անհայտ ծագման հաբեր, շագանակագույն հեղուկով ներարկիչ, նույն գույնի հետքերով ներարկիչներ, տարաներ, կշեռքներ, ինչպես նաև դյուրակիր համակարգիչ, պլանշետ և բջջային հեռախոսներ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների ընթացքում ստացվեցին նոր տվյալներ՝ այս անգամ արդեն ապօրինի պահվող զենք-զինամթերքի վերաբերյալ։
Մարտի 12-ին, վարույթի շրջանակում, խուզարկություն կատարվեց նաև տղամարդուն պատկանող ավտոտնակում․ հայտնաբերվեցին օդաճնշիչ, մարտական ու մեկնարկային մեկական ատրճանակ, փամփուշտներ և զինամթերք։
Նախաքննությունը շարունակվում է։









