Foto

Շուրջ 30 լցանավ է ուղևորվում Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցը շրջանցելու համար. FT

Շուրջ 30 մեծ լցանավ ուղևորվում է Սաուդյան Արաբիայում Կարմիր ծովի Յանբուի նավահանգիստ, որպեսզի ապահովի նավթի մատակարարումները՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Financial Times-ը (FT):Թերթի տվյալներով՝ յուրաքանչյուր նման լցանավ կարող է տանել ավելի քան 2 միլիոն բարել նավթ:

Սաուդյան Արաբիան փնտրում է նավթի արտահանման նոր երթուղիներ: Դրա համար թագավորությունն օգտագործում է խողովակաշար, որն արևելքում գտնվող հանքավայրերը միացնում է արևմուտքում գտնվող Յանբուի նավահանգստին:Ինչպես նշում է հրատարակությունը, Բաբ էլ Մանդեբի նեղուցով անցմանը սպառնում են Եմենի հութիների կողմից գրոհները: Նեղուցը նաև գտնվում է իրանական հրթիռների հասանելիության շառավղում: Փորձագետները նշում են, որ հութիները 2025 թվականին դադարեցրել են նավերին հասցվող հարվածները: Թերթի տվյալներով՝ Յանբու ուղևորվող լցանավերի մեծ մասը մատակարարումներ է իրականացնում դեպի Ասիա, մասնավորապես՝ Չինաստան և Հնդկաստան:

Տեսականորեն լցանավերը կարող են անցնել Սուեզի ջրանցքով, բայց դա կհանգեցներ ծախսերի աճի և կավելացներ ճանապարհի ժամանակը:Մարտի 11-ին Bloomberg գործակալությունը հաղորդել է 25 լցանավից բաղկացած խմբի մասին, որն ուղևորվում է Յանբուի նավահանգստի կողմը։Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ֆոնին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալիռեզա Թանգսիրին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցով անցնել ցանկացող ցանկացած նավ պետք է թույլտվություն ստանա Իրանի իշխանություններից։