Իհարկե ես չէի հավատում, սպասում էի, որ Եվրոդատարան պետք է դիմենք: Այս մասին դատարանի բակում լրագրողներին ասել է Գագիկ Ծառուկյանը՝ իրեն արդարացնելու որոշման մասին:
«Բոլորն էլ հավասար են օրենքի առաջ, ես միայն մի բան գիտեմ, 110 հատ քննիչ են դնում, որ քննություն կատարեն, ու որիցե մեկը Ծառուկյանի անունը չի տալիս: 2,600 հոգուց ոչ ոք ցուցմունք չի տալիս ինձ վրա, շնորհակալ ենք օրենքից, որ արդարացի որոշում կայացրեցին»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանն՝ Արամ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ճանաչել և հռչակել Գագիկ Ծառուկյանի անմեղությունը։ Նույն գործով դատարանը Սեդրակ Առուստամյանին մեղավոր ճանաչեց ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ Նշենք, որ գործը 6 տարի է, ինչ քննվում է։
Հիշեցնենք նաև, որ նշված քրեական վարույթը վերաբերում է Ազգային ժողովի՝ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին ենթադրաբար կաշառք տալուն: Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։









