Foto

ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական hրացաններ և ապօրինի որսված 159 արտույտ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ս.թ. մարտի 1-ից 10-ն իրականացված որսագողության դեմ պայքարի շուրջօրյա խստացված միջոցառումների ընթացքում արձանագրել են ապօրինի որսի դեպքեր։


Որսաշրջանի արգելքի, տափաստանային արտույտի միգրացիայի ընթացքում Արմավիրի մարզի Շենիկ համայնքի հարակից տարածքում քաղաքացի Վ.Ա.-ն «MR 155» տեսակի 12 տրամաչափի որսորդական հրացանով ապօրինի որսացել էր «Տափաստանային արտույտ» տեսակի 53 թռչուն։

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի հարակից տարածքում քաղաքացի Պ.Հ.-ն «MR 27 EM» տեսակի 12 տրամաչափի երկփողանի որսորդական հրացանով ապօրինի որսացել էր «Տափաստանային արտույտ» տեսակի 63 թռչուն։


Եղվարդ-Աշտարակ ավտոմայրուղու հարակից տարածքում քաղաքացի Ա.Ա.-ն «MR 155» տեսակի 12 տրամաչափի որսորդական հրացանով ապօրինի որսացել էր «Տափաստանային արտույտ» տեսակի 43 թռչուն։

Դեպքերի առթիվ հարուցված վարչական վարույթների շրջանակներում ապօրինի որս կատարած անձանց պատկանող օրինական զենքերն ու ընդհանուր՝ 159 թռչուններն առգրավված են:

Իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Ապօրինի որսի ընթացքում օգտագործվող անձնական սեփականություն հանդիսացող զենքերն ու այլ միջոցները ԲԸՏՄ հայցապահանջով Դատարանի կողմից ենթակա են բռնագրավման։

Միջոցառումները շարունակվում են:

ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88․4-րդ հոդվածի 3-րդ կետի. ապօրինի որսն արգելված վայրում՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, կամ հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ 2-ից 3 տարի ժամանակով: