Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքն Իրանի Սպահան քաղաքում վնասվել է մարտի 8-ին մոտակայքում գտնվող նահանգապետի գրասենյակի վրա իրականացված հարձակման ժամանակ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Ծառայողական շենքում և բնակելի հատվածում կոտրվել են ապակիներ, հարվածային ալիքը հետ է շպրտել մի քանի աշխատակիցների։ Բարեբախտաբար, զոհեր կամ լուրջ վնասվածքներ չեն եղել», - ասվում է Զախարովայի հայտարարության մեջ։
ԱԳՆ խոսնակը նշել է, որ Ռուսաստանը պահանջում է, որ տարածաշրջանում հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը խստորեն հարգեն դիվանագիտական կառույցների անձեռնմխելիությունը։ Նա հիշեցրել է, որ դիվանագիտական առաքելությունների վրա հարձակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։









