Իրանի դեմ Միացյալ Նահանգների նախաձեռնած պատերազմում տասը օրերի ընթացքում վիրավորվել է ամերիկացի 150 զինվորական։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լավատեղյակ երկու աղբյուր հայտնել է Reuters-ին։
Ամերիկյան զինված ուժերում վիրավորների նման թիվ հաղորդվում է առաջին անգամ։
Ավելի վաղ Պենտագոնից հայտնել էին, որ վիրավորների թիվը մոտ 140 է՝ ընդգծելով, որ դրանց մեծամասնությունը փոքր վնասվածքներ են։
Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը տեղեկացրել էր, որ վիրավորված զինծառայողներից 108-ն արդեն վերադարձել են ծառայության։ Իսկ ութ ծանր վիրավորում ունեցողները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Իրանը պատասխան հարվածների շարք է սկսել տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա այն բանից հետո, ինչ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածներ սկսեցին իրանական կողմի դեմ՝ պատճառաբանելով գործողությունները պաշտոնական Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակումներով։ Այս ընթացքում իրանական հարվածներից Ծոցի երկրներում տուժել են դիվանագիտական ներկայացուցչություններ, հյուրանոցներ, օդանավակայաններ ու այլ ենթակառուցվածքներ։









