Foto

Ոստիկանները բացահայտել են մեքենաներից կատարված գողությունները

Փետրվարի 25-ին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնում ավտոմեքենայից գողության երկու հաղորդում ստացվեց։ Մի դեպքում գիշերը գողացել էին Միկոյան փողոցի բակերից մեկում կայանված «Մերսեդեսի» լուսարձակները՝ շրջանակներով, մյուս դեպքում, դարձյալ գիշերը, գողացել էին Սասնա ծռերի փողոցում կայանված «Նիվայի» լուսարձակները։

Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Դավթաշենի համայնքային ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել էր հավաստի տեղեկություն գողությունը կատարողների վերաբերյալ։

Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 26-ին, տեղեկությունն իրացնելով մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ, առավոտյան ժամը 5-ին մոտ Հրաչյա Քոչարի փողոցում ձերբակալվեցին և Դավթաշենի բաժին ներկայացվեցին Մասիս քաղաքի բնակիչ 20-ամյա և Զվարթնոց թաղամասի բնակիչ 27-ամյա երիտասարդները։ Ըստ ոստիկանների տեղեկության՝ Դավթաշենում գողությունները կատարել էր 20-ամյա երիտասարդը իր ծանոթի հետ՝ նրա «Հյունդայի» մակնիշի մեքենայով։

Գողոնի մի մասը հայտնաբերվել է, մասիսցի երիտասարդն էլ ընդունել է մեղքը։

Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցներ «Հյունդային» վարած երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։