Foto

Իրանում ավելի քան 3000 տուն է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով վերջին օրերի ընթացքում երկրում վնասվել է ավելի քան 3000 տուն և 500 կոմերցիոն կենտրոն. ամենաշատը տուժել է մայրաքաղաք Թեհրանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությունը։

Վնասվել է նաև 14 բժշկական և դեղագործական կենտրոն։

«Հարձակումների թիրախների մեծ մասը եղել են խիտ բնակեցված հատվածները», – հայտնել են Կարմիր մահիկից։

Վնասված շենքերի թվում են նաև Թեհրանի շուկան, Մեհրաբադի օդանավակայանը և Ազադի մարզադաշտը։

Վիրավորվել է Կարմիր մահիկի հինգ աշխատակից։

Ավելի վաղ Իրանը հայտնել էր, որ երկրում ամերիկա-իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 1200-ը։

Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակն է Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին։