Foto

Բուժաշխատողին ասում են՝ եթե չես համաձայնվում աշխատել ավելի ցածր աշխատավարձով՝ դիմում գրիր և գնա. ահազանգ

Առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանն ահազանգում է՝ բուժաշխատողին ասում են՝ եթե չես համաձայնվում աշխատել ավելի ցածր աշխատավարձով՝ դիմում գրիր և գնա։

Պողոսյանը նշել է՝ բազմիցս բարձրաձայնել է, որ բժիշկները, բուժքույրերը և մայրապետները ոչ միայն իրենց աշխատավարձերը ստացել են զգալի ուշացումով, այլ շատ դեպքերում՝ 2-3 անգամ ցածր չափով։

«Այս ամենի ֆոնին տեսնում ենք Առողջապահության նախարարության օրերս տարածած հայտարարությունը, որով բուժաշխատողներից «ըմբռնում» են խնդրում՝ պատճառաբանելով, թե համակարգը նոր է, եղել են հաշվարկների խնդիրներ և այլն։

Սակայն այսօր արդեն պարզվում է, որ խնդիրը միայն հաշվարկների մեջ չէ։

Վերջին օրերին բուժաշխատողներին պաշտոնապես ծանուցում են, որ աշխատանքի նախկին էական պայման հանդիսացող աշխատավարձը այլևս չի կարող պահպանվել։ Եվ եթե աշխատողը համաձայն չէ շարունակել աշխատանքը նոր պայմաններով, ապա նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն։

Պարզ ասած՝ բուժաշխատողին ասում են՝ եթե չես համաձայնվում աշխատել ավելի ցածր աշխատավարձով՝ դիմում գրիր և գնա։

Այսինքն՝ այն մարդկանց, որոնց ուսերին է դրված ամբողջ առողջապահական համակարգը, փաստացի առաջարկվում է ընտրություն՝ կա՛մ աշխատել ավելի վատ պայմաններով, կա՛մ հեռանալ համակարգից»,- նշել է Պողոսյանը։

Նա հիշեցրել է, որ անցած տարվա դեկտեմբերին առողջապահության նախարարը և նախարարի տեղակալները ստացել էին 3-7 միլիոն դրամ պարգևավճարներ։

«Երբ բուժաշխատողներին ասում են՝ «ըմբռնումով մոտեցեք», իրականում նկատի ունեն՝ ըմբռնեք, որ նախարարության պարգևավճարները ավելի կարևոր են, քան ձեր աշխատավարձը»,- հավելել է Անուշ Պողոսյանը։