Foto

«Նիկոլը բեսեդկայի մակարդակից այն կողմ այլեւս չի ձգում»․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Առավել քան համոզված եմ, որ Նիկոլի եւ Աննայի բաժանությունը ՔՊ-ի քաղաքական խաղի մաս է, ինչո՞ւ․ որովհետեւ նրանց հիմա առավել քան երբեւէ պետք է ուշադրության կենտրոնում մնալ, լինել առաջնագծում, ու կապ չունի ինչպես։ Այնպես որ կարծում եմ, որ սա քաղաքական լուրջ խաղ է, որից լավ հոտ չի գալիս,-անդրադառնալով Աննա-Նիկոլ զույգի հանրային բաժանմանը, նման տեսակետ«Իրավունքի» հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ընդգծելով․

-Սա մեկ անգամ եւս փաստում է, որ  Փաշինյանը ոչինչ չի խնայում՝ անգամ ընտանիքը, նրան պետք  է վերընտրվել ցանկացած գնով։ Ինքս ժամանակին հավատացել եմ նրանց, ու կանգնել նրանց կողքին, ես չեմ գնացել որեւէ միտումով՝ 66-67 տարեկան մարդը չէր կարող գնալ ամբիցիաների հետեւից, ես գնացել եմ գաղափարի համար։ Նա նույն ձեւերով հավատ էր ներշնչում, որ նրա նպատակները ազնիվ են, բայց ժամանակի  ընթացքում ինքը սպառվեց, եւ մենք հասկացանք, որ նրա համար միայն մի սուրբ նպատակ կա՝ ամեն գնով լինել իշխանության գլխին։

-Իսկ այդ խաղի արդյունքում՝ հնարավո՞ր է, որ, օրինակ, նա քրերական պատասխանատվության ենթարկի Աննային, ինչպես որ վերջինս կանխատեսում էր։

-Իհարկե, որպեսզի ստեղծի այն միֆը, որ ժողովուրդը մտածի, թե ինչքան ազնիվ ղեկավար է Փաշինյանը, ով նկատելով կնոջ գործունեության մեջ անգամ կոռուպցիոն դրսեւորում՝ կանգ չառավ ու ըստ արժանվույն օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկեց անգամ իր երեխաների մորը։ Բայց տրամաբանենք, եթե Աննան ժամանակին կոռուպցիոն գործարքներ է իրականացրել, արդյո՞ք մի անկողնում քնելով մտքովդ անգամ չի անցել։ Նիկոլը պարզապես ժողովրդին չի ընկալում, որպես լուրջ մտածող մարդիկ, նա չի մտածում, որ, եթե Աննայի նկատմամբ քր․ գործ հարուցվի, դա նշանակում է, որ ինքն էլ է անցում նույն քրեական գործով, որովհետեւ ինքը տարիներ շարունակ իմացել է կամ գոնե կասկածել է, որ կողակիցը ինչ-ինչ կոռուպցիոն գործարքների մեջ է թաթախված ու ձայն չի հանել։ Այնպես որ Աննան ուղղակի այդ խոսքը չի գցել, դա ժողովրդի աչքին Նիկոլին բարձրացնելու հեռահար նպատակ է հետապնդել։ Որ տեսեք, թե Նիկոլն ամեն դեպքում այնքան ազնիվ է, որ անգամ ինձ չի խնայի։ Ավելին ասեմ, Նիկոլը շատ լավ գիտի, թե իր շրջապատից ով ինչ հանցանքների մեջ է թաթախված, բայց ձայն չի հանում այնքան ժամանակ, մինչեւ որ դա իրեն պետք չի լինում։

-Իսկ հավատո՞ւմ եք նրա վերարտադրվելուն։

-Ո՛չ, ես գրեթե համոզված եմ, որ նա չի վերընտրվի։ Ի դեպ, նախորդ ընտրություններում, երբ ինքն ինձ ասաց, որ ՔՊ-ն 60 տոկոս ունի, ասացի՝ ոչ։ Ասաց բա ինչո՞ւ, ես նրան պատասխանեցի՝ մենք կստանանք ոչ ավել, քան 54 տոկոս, եւ մենք ստացանք 53․92 տոկոս։ Իսկ հիմա մենք պետք է այնպես անենք, որ ինքը իր բոլոր ռեսուրսներով հանդերձ 35 տոկոսից չանցնի։

-Պարոն Ասլանյան, ինչի՞ մասին է խոսում Փաշինյանի ու նրա Կառավարության անդամների ժպիտով պերաշկի ուտելը՝ ճիշտ այն ժամանակահատվածում, երբ հարեւան բարեկամական երկրում պատերազմ է, երբ անմեղ երեխաներ են զոհվում, նա չի՞ գիտակցում, թե՞․․․

-Սա ցույց է տալիս, որ Նիկոլն իրեն այնքան է սպառել, որ բեսեդկայի մակարդակից այն կողմ այլեւս չի ձգում։ Այ՛ո, շատ ճիշտ եք, այսօրվա դրությամբ մեր երկրի նկատմամբ ամենադրական մոտեցում ունեցող պետությունը կանգնած է լրջագույն, համաշխարհային մաշտաբով խնդիրների առաջ։ Ու այս իրավիճակում, փոխանակ նա  հավաքեր ողջ կառավարությունը, ԱԺ-ն՝ քննարկեր, թե ինչ դիրքորոշում պետք է ցուցաբերի ՀՀ-ն եւ այլն՝ գնացել բերանը բաց պերաշկի է ուտում, ինչ ասեմ՝ մալադեց իրեն։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ այս պատերազմը այն աստիճանի հասնի, որ Ալիեւի առաջարկով մի քանի հազար ադրբեջանցի Ատրպատականից փախուստով գան լցվեն մեր երկիր»։