ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության կենտրոնական վարչակազմերին է ներկայացրել ծառայությունների նորանշանակ ղեկավարներին՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանին և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին։
Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կամո Ցուցուլյանին՝ Փրկարար ծառայությունում ցուցաբերած բարձր պատասխանատվության, ներդրած ջանքերի և արդյունավետ աշխատանքի համար։
Նախարարը վստահություն է հայտնել, որ նրա փորձառությունն ու գիտելիքները կնպաստեն Ոստիկանության համակարգի շարունակական զարգացմանն ու ներքին անվտանգության ամրապնդմանը՝ պահպանելով բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարության որդեգրած մոտեցումներն ու սկզբունքները։
Արփինե Սարգսյանը Ոստիկանությունում կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Արամ Ղազարյանին՝ ընդգծելով Փրկարար ծառայության վերափոխման և ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլում թե՛ Ոստիկանությունում, թե՛ տեղական ինքնակառավարման մարմիններում նրա փորձն ու գիտելիքի կարևորությունը, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներում ունեցած փորձառությունը:
Կամո Ցուցուլյանն ու Արամ Ղազարյանը շնորհակալություն են հայտնել ՆԳ նախարարին վստահության համար և ընդգծել իրենց պատրաստակամությունը նպաստելու համակարգի զարգացմանն ու բարեփոխումների շարունակականությանը։
Քննարկվել են նաև ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։









