Կարկտահարությունից տուժած Շիրակի մարզի հողօգտագործողներին հատկացվել է փոխհատուցում: Կառավարության որոշմամբ՝ 2024 և 2025 թվականներին տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման նպատակով Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 264 մլն 415 հազար դրամ: Մասնակի փոխհատուցում են ստացել Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա և Արթիկ համայնքների հողօգտագործողները։ Անի համայնքի հողօգտագործողները ևս կստանան փոխհատուցում:
«Շիրակի մարզպետարանը հասանելիք գումարները փոխանցել է տվյալ համայնքներին՝ կարկտահարության հետևանքով տուժած հողօգտագործողներին տրամադրելու համար։ Անի համայնքում բաշխումը կմեկնարկի այսօրվանից և շաբաթվա ընթացքում ամբողջությամբ կավարտվի»,-«Արմենպրես»-ին հայտնեց Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։
Փոխհատուցում է տրամադրվել այն հողօգտագործողներին, որոնց ցանքատարածություններում և այգետարածքներում գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված կարկտահարության վնասը կազմել է 40-100 տոկոս։









