Foto

Արմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ շմոլ գազը

Հունվարի 14-ին SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով, երբ ընտանիքի 4 անդամներ «սննդային թունավորում հարցական» ախտորոշումներով տեղափոխվել էին Արմավիրի բժշկական կենտրոն։

Հիվանդանոց մեկնած ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի ծառայողներին, ինչպես նաև շտապօգնության բժիշկներին ու «Արմավիր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին բուժառուներից մեծահասակները հայտնել էին, որ իրենք թունավորվել են, քանի որ սնվել են «Աթենք» մսամթերքին պատկանող խինկալի ուտելուց, ինչն արձանագրվել է ոստիկանության կողմից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր բժշկական լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանց հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ Պարզվել է, որ թունավորման պատճառը եղել է շմոլ գազը, ինչը հիմնավորվել է դեպքի վայրում լրացուցիչ զննություն կատարելու արդյունքում։ Հետևաբար հերքվում է նրանց հայտնած տեղեկությունը, որ թունավորումը տեղի է ունեցել «Աթենք» մսամթերքի տեսականուց օգտվելուց։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել են փորձաքննություններ։