Foto

Սուրբ պատարագ մատուցվեց ապօրինաբար ազատազրկված հոգևորականների և հայորդիների համար

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը, որը նաև սիրելի Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անվանակոչության տոնն է:
Տոնի առիթով, հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ: Հայտնում են Արագածոտնի թեմից։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ՝ հավատացյալների երկրպագության և օրհնության համար, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից թեմ բերվեց Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքը։

Սուրբ Պատարագին մասնակից էին թեմի հոգևորականներ, վանականները, ուխտավոր, հավատավոր զավակներ:
Օրվա Պատարագիչն էր՝ Աշտարակի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանը:
Հընթացս Պատարագի խոսված իր քարոզում Տեր Հայրն հավատացյալներին ներկայացրեց օրվա խորհուրդը և պատգամեց Տիրոջն հավատարիմ և աղոթական կյանքով ապրել:
Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական աղոթք բարձրացրեցին ապօրինաբար ազատազրկված հոգևորականների և հայորդիների, գերյալների ազատության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։
Աղոթում ենք և մաղթում, որ Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությամբ Տերն Իր լիառատ օրհնությամբ լցնի ամենքի կյանքը և Աստծո սերն ու ողորմությունը չպակասեն մեր կյանքից: