Foto

Մոսկվան անհրաժեշտ է համարում Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակումը

Կրեմլում հույս ունեն, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ամերիկացի ղեկավարի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների այցը Ռուսաստան կկայանա. Մոսկվան անհրաժեշտ է համարում Ուկրաինայի շուրջ Վաշինգտոնի հետ երկխոսության շարունակումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հենց ամսաթիվը համաձայնեցվի, մենք հույս ունենք, որ նման այցը կկայանա», – ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ Ուիթքոֆը և Քուշները առաջիկա շաբաթներին կայցելեն Ռուսաստանի Դաշնություն՝ ստանալու Մոսկվայի պատասխանը Ուկրաինայի հետ խաղաղության ամերիկյան նախաձեռնությունների շուրջ։

«Երկխոսության շարունակումը համարում ենք անհրաժեշտ, հրատապ և կարևոր», – հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նշել է, որ ամերիկացիները բազմաթիվ զրույցներ են ունեցել և՛ ուկրաինացիների, և՛ եվրոպացիների հետ։«Կարևոր է, որ ռուսական կողմը նույնպես արտահայտի իր տեսակետներն ընթացիկ քննարկումների վերաբերյալ», – ասել է նա։

Կրեմլի խոսնակը նաև հաստատել է, որ «շարունակում են գործել ամերիկացի բանագնացների հետ հաղորդակցության առկա կապուղիները, այս երկխոսությունն ընթանում է»։

Reuters գործակալության հետ հարցազրույցում նախագահ Դոնալդ Թրամփն, ի պատասխան Ուիթքոֆի և Քուշների՝ Մոսկվա այցի մասին Bloоmberg-ի հրապարակման վերաբերյալ հարցի, ասել էր, որ տեղյակ չէ նման այցի մասին։