Foto

Հայաստանի դեմ հիբրիդային սպառնալիքները շարունակվում և ինտենսիվանում են. Քրիստիննե Գրիգորյան

Հայաստանում հիբրիդային սպառնալիքները շարունակվում ու ինտենսիվանում են, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հիբրիդային գործիքակազմն առավել մեծ արդյունավետություն կունենա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով անվտանգային ֆորումի ընթացքում։  «Հիբրիդային սպառնալիքները շարունակվում են և ինտենսիվանում են: Պիտի հաշտվենք այն տխուր մտքի հետ, որ հիբրիդային սպառնալիքները մեզ ուղեկցելու են, ինչպես համավարակները: Ինչպես հասարակությունները սովորում են ապրել համավարակի պայմաններում՝պատվաստվել, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, իմունային համակարգը ամրապնդել, նույն կերպ հասարակությունները հատկապես ժողովրդավարական կարգում պետք է գնան հենց այս ճանապարհով հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու պարագայում»,-ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ընտրությունները կօգտագործվեն որպես կանխատեսելի ժողովրդավարական գործընթացներ, որի կանոնների շրջանակում հիբրիդային գործիքակազմը կունենա առավել մեծ էֆեկտիվություն:Գրիգորյանի համոզմամբ՝ հիբրիդային գործիքակազմն օբյեկտիվորեն չի կարող սահմանափակվել միայն պետության անվտանգային սեկտորի մարմինների ներկայացուցիչների կողմից:

Հիբրիդային սպառնալիքները պահանջում են հասարակության բոլոր անդամների իրազեկվածությունը, գործողությունը, գնահատականը, վերաբերմունքը:  «Ընտրական գործընթացների տրամաբանությունը պետք է փռել տարածության մեջ և տեսնել, թե որոնք են այն օբյեկտիվ հնարավորությունները, որտեղ միջամտությունների այս կամ այն տեսակները կլինեն առավել ակտիվ կամ առավել արդյունավետ: Մեր գնահատմամբ՝ դա ընտրությունների քաղաքական մասնակցության կոմպոնենտի թիրախավորումն է, որը շատ տրամաբանական է դարձնում այս գործողությունները՝ ի թիվս կիբեռգործողությունների, որոնք կարող են թիրախավորել կենսական ենթակառուցվածքները, ժողովրդավարական հասարակարգի ընտրական գործընթացների տրամաբանությունը, դրանց ենթակառուցվածքները: Դրանք կարող են ներառել տնտեսական գործողությունները, համադրվել այդ տնտեսական գործողություններով՝ հրահրելու կամ ուղղորդելու բիզնես սեկտորի ընտրողների ընտրությունը կամ ազդելու նրանց ընտրության վրա»,-ասաց Գրիգորյանը:

Նա նկատեց՝ հաճախ քաղաքական գործընթացներում օգտագործվում են երիտասարդության անտեղյակությունը և հայրենասիրական զգացմունքները:  «Մենք Հայաստանում այս տարի արձանագրել ենք հատկապես երիտասարդության թիրախավորում՝ ոչ միայն առաջիկա ընտրությունների կոնտեքստում, այլ շատ ավելի երկարաժամկետ կտրվածքով»,-նշեց Գրիգորյանը: