Սահմանադրագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը գրել է.
«Օրեր առաջ տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը շեշտեց՝ չկա միջազգային իրավունք, կա միայն ուժի իրավունք։
Միջազգային իրավունքի բացակայության մասին խոսող երկրի ղեկավարի հետ խաղաղության մասին ցանկացած խոսակցություն, այն էլ՝ Հայաստան–Ադրբեջան ուժերի ներկայիս դասավորվածության պայմաններում, պատրանք է և լավագույն դեպքում՝ ինքնախաբեություն։
Ակնհայտ է, որ Ալիևի համար Հայաստանի հետ սահմանին առկա հրադադարն ուղղակի հետեւանք է՝ հայկական կողմի կամավոր միակողմանի զիջումային քաղաքականության։
Հայաստանը կրճատում է ռազմական բյուջեն, իսկ Ադրբեջանն ավելի է ընդլայնում ռազմական ֆինանսավորումը։
Ադրբեջանը պետական մակարդակով ֆինանսավորում և քարոզում է «Արևմտյան Ադրբեջան» օրակարգը, մինչդեռ ՀՀ իշխանություններն անգամ մշակութային մակարդակում հրաժարվում են ռազմական-պաշտպանողական մարտավարությունից։
Ակնհայտ է, որ այս իշխանությունները լավագույն դեպքում գտնվում են խորը մոլորության մեջ, չեն պատկերացնում հարևան Ադրբեջանի իրական նպատակներն ու մտադրությունները, իսկ վատագույն դեպքում՝ գործում են նրանց հետ համաձայնեցված։
Արդյո՞ք այս իշխանությունն ի վիճակի է արդյունավետ առաջնորդելու մեր երկիրը։
Պարտված քաղաքական ուժը չի կարող հավասարը հավասարի սկզբունքով նստել բանակցային սեղանի շուրջ. նման իրավիճակում բանակցություններն իմիտացիա են, կողմերից պարտվածն էլ՝ կամակատար, հատկապես, երբ հայելային փոխադարձության պահանջատիրությունն ակնհայտ բացակայում է։
Բալանսը վերականգնելի է հայկական շահով առաջնորդվող, պրոֆեսիոնալ եւ ուժեղ ղեկավարություն դեպքում»։









