Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը կաջակցի հայկական Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցու վերականգնմանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ համայնքային ընդունելության ժամանակ հայտնել է Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
19-րդ դարի վերջին կառուցված եկեղեցին, որը գտնվում է Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանում, վնասվել էր 2023 թվականի փետրվարին թուրք-սիրիական սահմանին տեղի ուենցած 7,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։
Վնասված եկեղեցու հարցը 2025 թվականի դեկտեմբերին Անկարա կատարած այցի ժամանակ Պոլսո Հայոց պատրիարք Մաշալյանը քննարկել էր Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ։
Ստամբուլի հայկական Սուրբ Աստվածածին Աթոռանիստ Մայր Եկեղեցու հարակից սրահում համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը պատրիարքը, ներկայացնելով նաև Անկարա կատարած այցի արդյունքները, հայտնել է, որ Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցու վերականգնման հարցը ներառվել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության աջակցության ծրագրում։









