Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) կողմից աջակցվող Եմենի Անցումային հարավային խորհրդի (ԱՀԽ) նախագահ Այդարուս ալ-Զուբեյդին փախուստի է դիմել անհայտ ուղղությամբ՝ այդպես էլ չժամանելով Սաուդյան Արաբիա, որտեղ նա պետք է մասնակցեր Եմենում վերջին բռնությունների դեէսկալացիային ուղղված բանակցություններին, հայտնում է Al Arabiya-ն։ Կոալիցիայի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Տուրկի ալ-Մալիկին հայտարարել է, որ կոալիցիայի հրամանատարությունը հունվարի 4-ին հանձնարարել է ալ-Զուբեյդիին 48 ժամվա ընթացքում ժամանել Թագավորություն՝ Նախագահական ղեկավար խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի և կոալիցիայի առաջնորդների հետ հանդիպելու համար։ Հանդիպման նպատակն էր քննարկել լարվածության սրման պատճառները և այն հարձակումները, որոնք իրականացվել են Հադրամաութում և Էլ-Մահրայում՝ ԱՀԽ-ի հետ կապված ուժերի կողմից։ Հայտարարության համաձայն՝ հունվարի 5-ին ԱՀԽ նախագահությունը աջակցություն էր հայտնել Սաուդյան Արաբիայի ջանքերին՝ ուղղված հարավային երկրների համապարփակ համաժողովի նախապատրաստմանը և խոստացել էր մասնակցել դրան։ Ավելի ուշ ալ-Զուբեյդին տեղեկացրել էր սաուդյան իշխանություններին հունվարի 6-ին համաժողովին մասնակցելու իր մտադրության մասին և պատվիրակությունն ուղևորվել էր օդանավակայան։ Կոալիցիան հայտնել է, որ Yemenia Airways ավիաընկերության չվերթը, որի օդանավում գտնվում էր պատվիրակությունը, հետաձգվել է ավելի քան երեք ժամով։ Այդ ընթացքում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ալ-Զուբեյդին կեսգիշերին մոտ հրաման է տվել խոշոր ուժերի, այդ թվում՝ զրահատեխնիկայի, մարտական մեքենաների, ծանր ու թեթև սպառազինության և զինամթերքի տեղափոխման վերաբերյալ՝ Հադիդի և ալ-Սուլբանի ճամբարներից դեպի ալ-Դալիա ուղղությամբ։ Ավելի ուշ ինքնաթիռը թռիչք է կատարել, որի օդանավում գտնվել են ԱՀԽ-ի մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ, սակայն առանց ալ-Զուբեյդիի, ով, ըստ կոալիցիայի տեղեկությունների, փախուստի է դիմել անհայտ ուղղությամբ՝ ԱՀԽ-ի ղեկավարությանը թողնելով առանց իր գտնվելու վայրի մասին որևէ տեղեկության։ Հայտարարության մեջ ասվում է, որ ալ-Զուբեյդին Ադենում զենք և զինամթերք է բաժանել տասնյակ գրոհայինների՝ Մումին ալ-Սաքաֆի և Մուխտար ալ-Նուբիի գլխավորությամբ, նպատակ ունենալով առաջիկա ժամերին քաղաքում անկարգություններ հրահրել։ Կոալիցիան հայտարարել է, որ համակարգում է իր գործողությունները «Հայրենիքի վահան» ուժերի հետ և դիմել է Նախագահական ղեկավար խորհրդի փոխնախագահ Աբդուլռահման ալ-Մուհարամիին (Աբու Զարաա)՝ խնդրելով Ադենում անվտանգության միջոցներ ձեռնարկել՝ բախումները կանխելու և քաղաքացիական բնակչությանն ու գույքը պաշտպանելու համար։









