Իսրայելը շարունակում է դեմ լինել այն բանին, որ Թուրքիան ԱՄՆ-ից առաջադեմ F-35 հարվածային կործանիչներ ձեռք բերի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունական Kathimerini օրաթերթին հայտնել է Իսրայելի արտաքին գործերի փոխնախարար Շարեն Հասկելը։
«Մենք ունենք վերապահումներ (հնարավոր վաճառքի վերաբերյալ).... Ինքնաթիռում օգտագործվող տեխնոլոգիաների մեծ մասը մշակվել է Իսրայելում։ Եվ ակնհայտ է, որ մենք դրանք չենք կիսի նրանց հետ», - ասել է Հասկելը։
Թերթը նաև հաղորդել է, որ Իսրայելի իշխանությունները մտահոգված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ մեկնաբանություններով։
Հասկելի խոսքով՝ Իսրայելը «մտահոգված է» Թրամփի այն հայտարարություններով, որ նա «շատ լրջորեն քննարկում է» Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու համաձայնագիրը: Հասկելը հավելել է, որ իսրայելական տեխնոլոգիաները նման համաձայնագրի մաս չեն կազմի, «նույնիսկ եթե նրանք ստանան այդ ինքնաթիռները»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու հարցը։ Սակայն նա վստահություն էր հայտնել, որ Անկարան ոչ մի դեպքում չի օգտագործի այդ ինքնաթիռներն Իսրայելի դեմ։
Սեպտեմբերին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է թույլ տալ Անկարային գնել F-35-եր, եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «ինչ-որ բան անի» ԱՄՆ-ի համար։
Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները, հավանաբար, ամենացածր մակարդակի վրա են․ երկու երկրները միմյանց գլխավոր մրցակից են համարում Մերձավոր Արևելքում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում։









