Foto

Աճող գրանցված աշխատատեղերի թվի հետ գործազրկության թիվը նվազում է. ԱՍՄ նախարարի մամուլի քարտուղար

2024 թվականի տվյալներով՝ Հայաստանում 1 մլն 94 հազար մարդ դուրս է աշխատուժից: Աշխատուժից դուրս բնակչության մեջ ներառված են անձինք, ովքեր հետազոտվող ժամանակահատվածում չեն աշխատել և չեն փնտրել աշխատանք՝ չեն եղել զբաղված կամ գործազուրկ: Այս տվյալներն ամփոփված են ՀՀ վիճակագրական կոմիտեի «Աշխատանքի շուկան Հայաստանում - 2025» հրապարակման մեջ։


Թեմայի շուրջ Tert.am-ը խոսեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ ծրագրեր են ներկայումս գործում աշխատուժից դուրս մնացած և գործազուրկ համարվող քաղաքացիների համար:

«Ամեն ամիս ՊԵԿ-ը հրապարակում է գրանցված աշխատատեղերի թիվը. դա մոտավորապես 5,000-6,000-ով ավելի է լինում՝ քան նախորդ ամսվանը: Սա ցույց է տալիս, որ աճող գրանցված աշխատատեղերի թվի հետ գործազրկության թիվը նվազում է»:


Անդրադառնալով աշխատունակությունից դուրս մնացածների համար նախատեսված իրականացվող ծրագրերին՝ Նվեր Կոստանյանը նշեց, որ այդպիսիք շատ են՝ մասնավորապես ՄՍԾ տարածքային կենտրոններում ուղղորդում են գրանցված և դիմող քաղաքացիներին՝ նրանց կապելով տարբեր գործատուների հետ, առաջարկում են տարբեր աշխատանքներ.

«Մենք հիմա ունենք անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիր, որոնց խրախուսում ենք դեպի ֆորմալ զբաղվածություն: Երբ որ իրենք ձեռք են բերում ֆորմալ զբաղվածություն՝ իրենց ողջ եկամտահարկը ուղղվում է իրենց վարկի մարմանը:

 Վերջնարդյունքում նրանք ունենում են և ֆորմալ զբաղվածություն և մաքրում են իրենց ոչ բարենպաստ վարկային պատմությունը»:

Խոսելով քաղաքական բարեփոխումների մասին, որոնք կօգնեն հասարակությանն ավելի շատ ընդգրկել աշխատուժի մեջ՝ Նվեր Կոստանյանը նշեց, որ իրենց քաղաքականությունները հենց դրան են միտված:

«Մենք միտված ենք աշխատանքի գաղափարի խրախուսմանը, աշխատանքի միջոցով սեփական բարեկեցությունը հոգալուն: Ծրագրերն էլ ուղղված են աղքատության հաղթահարմանն ու բարեկեցության բարձրացմանը»:

Եզրափակելով իր խոսքը՝ նշեց նաև, որ վերջերս ընդունված ԼՂ-ից տեղահանվածների ինքնազբաղվածության խթանման ծրագիրը ևս մեծ խթան է հանդիսանալու գործազրկության հարցի լուծելու համար:

Հիշեցնենք, որ սովորաբար աշխատուժից դուրս բնակչությանն են դասվում՝

  1. առկա ուսուցմամբ սովորողները, ուսանողները.
  2. տնային տնտեսությամբ զբաղվածները.
  3. կենսաթոշակառուները և հաշմանդա­մություն ունեցող անձինք.
  4. երեխաներին, հիվանդ հարազատներին խնամողները.
  5. զանազան պատճառներով չաշխատող և աշխատանք չփնտրող այլ անձինք (սեփակա­նու­թյան օգտագործումից եկամուտ ստացողներ, պարտա­դիր ժամկետային զինծառայողներ և այլք)։