Foto

«Չելսին» հայտարարել է Էնցո Մարեսկայի հեռանալու մասին

Իտալացի մասնագետ Էնցո Մարեսկան լքել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Մարզչի հրաժարականի մասին որոշումը կայացվել է թիմի գրանցած անբավարար արդյունքների ֆոնին։ Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին յոթ հանդիպումներում լոնդոնցիները տոնել են ընդամենը մեկ հաղթանակ՝ կրելով երկու պարտություն և չորս խաղ ավարտելով ոչ-ոքի։

Ակումբի դիրքորոշումը «Չելսիի» տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը փոփոխությունն անհրաժեշտություն են համարել՝ մրցաշրջանը փրկելու համար.

«Քանի որ չորս մրցաշարերում, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարում, առանցքային խնդիրները դեռ առջևում են, ակումբն ու Էնցոն գտնում են, որ փոփոխությունները թիմին հնարավորություն կտան վերադառնալ հաջող ընթացքին։ Մենք հաջողություն ենք մաղթում Էնցոյին իր հետագա կարիերայում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Իտալացի մասնագետի փոխարինողի անունը դեռևս չի հրապարակվել։

45-ամյա Մարեսկան «ազնվականների» ղեկը ստանձնել էր 2024 թվականի հունիսին՝ կնքելով 5 տարվա պայմանագիր (ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ)։ Նրա գլխավորությամբ լոնդոնյան ակումբը նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը և դարձել Աշխարհի ակումբային չեմպիոն։