Foto

Ինչպե՞ս է առաջացել տոնածառ զարդարելու ավանդույթը

Ամանորյա եղևնին զարդարելու սովորույթը եկել է Գերմանիայից: Գոյություն ունի ավանդույթ, ըստ որի՝ եղևնին զարդարելու սկիզբը դրել է գերմանացի բարեփոխիչ Մարտին Լյութերը:

Ինչպես հայտնում է ՌԻԱՆ-ը, 1513 թվականին Սուրբ Ծննդյան նախօրեին տուն վերադառնալիս Լյութերը հիացած ու հմայված է եղել աստղերի գեղեցկությամբ, որոնք այնքան խիտ են սփռված եղել երկնակամարում, որ թվում էր, թե ծառերի սաղարթներն էլ են փայլփլում աստղիկներով: Տանը նա սեղանին մի եղևնի է դրել և զարդարել է այն մոմերով, իսկ գագաթին աստղ ամրացրել՝ ի հիշատակ Բեթղեհեմյան աստղի, որը ցույց է տվել դեպի այն քարայր տանող ճանապարհը, որտեղ ծնվել էր Հիսուսը:

Հայտնի է նաև, որ 16-րդ դարում Կենտրոնական Եվրոպայում Սուրբ Ծննդյան գիշերը ընդունված է եղել սեղանի մեջտեղում դնել հաճարենու մի փոքրիկ ծառ՝ զարդարված մեղրի մեջ եփված փոքրիկ խնձորներով, սալորներով, տանձերով և անտառային ընկույզներով:

17-րդ դարի երկրորդ կեսին գերմանական և շվեյցարական տներում արդեն տարածված է եղել այն սովորույթը, որի ժամանակ սուրբծննդյան սեղանը պետք է զարդարել ոչ միայն սաղարթավոր, այլև փշատերև ծառով: Կարևորն այն է եղել, որ այն լիներ խաղալիքի չափի: Սկզբում փոքրիկ եղևնիները կոնֆետների ու խնձորների հետ միասին կախել են առաստաղից և միայն ավելի ուշ հաստատվել է հյուրասենյակում մեկ մեծ եղևնի զարդարելու սովորույթը

18-19-րդ դարերում եղևնի զարդարելու ավանդույթը տարածվել է ոչ միայն ողջ Գերմանիայում, այլև հայտնվել է Անգլիայում, Ավստրիայում, Չեխիայում, Հոլանդիայում և Դանիայում:

Ռուսաստանում ամանորյա եղևնի զարդարելու ավանդույթը հայտնվել է Պետրոս I-ի շնորհիվ: Պետրոսը, ով դեռ երիտասարդ տարիներին Սուրբ Ծննդյան տոներին հյուրընկալվել էր իր գերմանացի ընկերներին, հաճելիորեն զարմացել էր՝ տեսնելով մի տարօրինակ ծառ, որը կարծես թե եղևնի է եղել, բայց դրա վրա կոների փոխարեն խնձորներ ու կոնֆետներ են եղել: Դա զվարճացրել է ապագա ցարին: Դառնալով ցար՝ Պետրոս I-ը հրամանագիր է արձակել, որ Նոր տարին պետք է նշել այնպես, ինչպես լուսավորյալ Եվրոպայում:

Սուրբծննդյան եղևնու կերպարը լավապես ներգծվել է քրիստոնեական կրոնի մեջ: Եղևնու զարդարանքները, քաղցրավենիքն ու մրգերը խորհրդանշել են մանուկ Հիսուսին բերված ընծաները: Իսկ մոմերը հիշեցրել են այն կացարանի լուսավորությունը, որտեղ կանգ էր առել Սուրբ ընտանիքը: Բացի այդ, ծառի գագաթին միշտ կախել են մի զարդարանք, որը խորհրդանշել է Բեթղեհեմյան աստղը, որը ծագել է Հիսուսի ծննդով և ցույց տվել մոգերի ճանապարհը: Արդյունքում եղևնին դարձել է Սուրբ Ծննդյան խորհրդանիշը։