Foto

Պարեկային ծառայությունն ուժեղացրել է հսկողությունը ճանապարհներին

Դեկտեմբերի 27-ին հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 237 պատահար, որոնց հետևանքով զոհեր չկան։ Նշված պատահարների մասնակից 471 տրանսպորտային միջոցների ստուգմամբ ընդամենը 5-ի անվադողերն են եղել ամառային, իսկ 1-ինը՝ համասեզոնային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է քաղաքացիների կյանքի և առողջության համար անվտանգ միջավայրի ձևավորումը։ Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով եղանակային պայմանները՝ Պարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը ճանապարհներին։  

Միայն մեկ օրում՝ դեկտեմբերի 27-ին, պարեկները հանրապետությունում ստուգել են 1240 տրանսպորտային միջոցների անվադողեր, 129-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման են ենթարկել նաև ՃՏՊ-ների մասնակից տրանսպորտային միջոցների անվադողերը։ 

ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։ Խիստ վարչարարությունը շարունակվելու է», - գրել է նա։