ԱՄՆ Օկլահոմա նահանգի բնակչին առաջին աստիճանի անզգույշ սպանության մեղադրանք է ներկայացվել։ Ըստ NBC News-ի, նա իր տնից մի քանի թաղամաս այն կողմ, հետնաբակում թիրախին կրակելիս, ենթադրաբար սպանել է մի կնոջ։
Ըստ ցուցմունքների, Սանդրա Ֆելփսը Սուրբ ծննդյան օրը ընտանիքի հետ նստած է եղել ծածկապատ պատշգամբում՝ երեխային գրկած, երբ խումբը կրակոցներ է լսել տան հյուսիսային կողմից։
«Սանդրան ասաց, որ ինչ-որ մեկը Սուրբ ծննդին նոր ատրճանակ է ստացել, իսկ քիչ անց նա բացականչեց «օյ» ու ուշագնաց եղավ»,- նշված է գրավոր ցուցմունքներում։ Այնտեղ նաև հստակեցվում է, որ դրանից հետո այլևս կրակոցներ չեն եղել։
Ըստ Սթիվենս շրջանի շերիֆի գրասենյակի հայտարարության, հինգշաբթի՝ ժամը 15։15-ի սահմաններում, իշխանություններն ահազանգ են ստացել հրազենային վիրավորում ստացած մարդու մասին։ Փրկարարները ժամանել են դեպքի վայր, որտեղ արձանագրվել է Ֆելփսի մահը։ Քննիչները հայտնաբերել են մեկ գնդակ, որն անցել է կնոջ աջ նախաբազկով ու դիպել կրծքին։
Շերիֆի գրասենյակը տեղեկություն է ստացել, որ տան բնակիչ Քոդի Ուեյն Ադամսը վերջերս՝ Սուրբ ծննդին, Գլոկ 45 տեսակի ատրճանակ է գնել։ Ըստ հարևանների ցուցմունքների, նա այդ օրը կրակել է ատրճանակից։
Ոստիկանները ժամանել են Ադամսի բնակության վայր և զրուցել 33-ամյա տղամարդու հետ։ Վերջինս հայտնել է, որ կրակել է իր հետնաբակում։ Ադամսը ոստիկաններին ցույց է տվել «Ռեդ Բուլի» տարան, որի վրա կրակել է։
Իշխանությունները եզրակացրել են, որ Ադամսի կրակելու դիրքը համընկել է Ֆելփսին սպանած գնդակի հետագծի հետ։ Ըստ գրավոր ցուցմունքների, իմանալով, որ մարդ է զոհվել, «Ադամսն ակնհայտորեն հուզվել ու լաց է եղել»։
Ադամսին ձերբակալել են հինգշաբթի, իսկ ուրբաթ նա ազատ է արձակվել 100 000 դոլար գրավի դիմաց։