ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը ՏԱՍՍ-ին հարցազրույց է տվել։ Նա որոշ կարևոր հայտարարություններ է արել։
«Եռամյա այս ժամանակահատվածում մեզ հաջողվել է պահպանել կառուցողական փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ։ Ավանդաբար համագործակցության բարձր մակարդակ ունենք ՄԱԿ-ի հետ։ Հաջողությամբ զարգացավ մեր երկխոսությունը ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի հետ։
Վերջին երեք տարիների ընթացքում ՀԱՊԿ գլխավոր ձեռքբերումներից պետք է առանձնացնել ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման նպատակային միջպետական ծրագրի հաստատումը: 2025 թվականին կազմակերպության աշխատանքի գլխավոր շեշտը դարձել է կիբեռոլորտում անվտանգության ապահովումը։
Ռուսաստանը կազմակերպության նախագահությունը ստանձնում է շատ բարդ ժամանակաշրջանում։ Ռուսաստանի Դաշնությունը ստիպված կլինի գործել աշխարհաքաղաքական առճակատման և միջազգային հարաբերությունների համակարգի կառուցվածքային վերակառուցման պայմաններում»,- նշել է նա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ պետք է մատնանշել անդրազգային ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության, ռեսուրսների համար հակամարտությունների սպառնալիքները: Ընդ որում, որպես ռեսուրս հանդես է գալիս և տարածքը, և այնպիսի արժեքավոր ռեսուրս, ինչպիսին ջուրն է․
«Վերջինս հատկապես մտահոգիչ է Կենտրոնական Ասիայում ջրային ռեսուրսների հետ կապված դեգրադացված իրավիճակի կապակցությամբ»,- ասել է Իմանղալի Տասմագամբետովը։









