Այս պահին ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մուտքի մոտ, այդ թվում բարձրաստիճան ոստիկաններ։ Նրանք փակել են Մայր Աթոռի մուտքը և հրահանգներ են տալիս ոստիկանության ծառայողներին։
NEWS.am–ի հարցին, թե ինչու են այսքան մեծ թվով հավաքվել, փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը միայն արձագանքեց. «Առանց մեկնաբանության, թողեք մեր ծառայությունն իրականացնենք»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Եկեղեցու հետ նրա դիմակայության մեջ աջակցող 10 եպիսկոպոսների կողմից տարածած հայտարարության մեջ վերջինս կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:
Դրանից հետո Արագածոտնի թեմը, որի առաջնորդը ձերբակալված բարձրաստիճան հոգևորականների շարքում է, հայտարարություն տարածեց՝ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված համատեղ պատարագը տեղափոխելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ձերբակալված հոգևորականների աջակցության համատեղ պատարագը կսկսվի այսօր ժամը 17:00-ին՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջողների հավաքի հետ միաժամանակ:
Գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները արդեն հայտարարել են պատարագին իրենց մասնակցության մասին:
Քիչ առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը 10 եպիսկոպոսների հավաքին չի մասնակցելու, թե եւ աջակցում է նրանց։









