ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2025 թվականի մրցույթի արդյունքները։
Մրցույթի արդյունքում առաջին, երկրորդ և երրորդ տեղ գրաված 37 ուսանող կստանա համապատասխանաբար 393500 ՀՀ դրամ (14 ուսանող), 313500 ՀՀ դրամ (14 ուսանող) և 233500 ՀՀ դրամ (9 ուսանող) կրթաթոշակ:
Մրցույթին մասնակցել են ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բուհերի՝ առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ուսանողները՝ հետևյալ ոլորտներում՝
բնագիտություն
հայագիտություն
հումանիտար գիտություններ
հասարակագիտություն
ճարտարագիտություն (այդ թվում՝ ճարտարապետություն/գյուղատնտեսություն)
մշակույթ-սպորտ
բժշկություն:
Մրցույթն անցկացվել է ՀՀ Կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով:
Հաղթողները որոշվել են հավաքած առավելագույն միավորների քանակով՝ ըստ 3-10 միավորանոց գնահատման սանդղակի։ Գնահատման ընթացքում հաշվի են առնվել ուսանողների առաջադիմությունը, գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը, հասարակական ակտիվությունը, իսկ մշակույթի և սպորտի ոլորտներում նաև՝ ուսման մասնագիտական ձեռքբերումները։
Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում, նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները մասնագիտական ոլորտների աշխատանքներում, ինչպես նաև խթանել մրցակցությունը բուհերի ուսանողների միջև:









