Մեր դիրքորոշումն ի սկզբանե այն էր՝ քանի որ դա նվեր է գյուղին, հետևաբար՝ գյուղի բնակիչները պետք է որոշեն՝ մնա՞ արձանը, թե՞ ոչ։ 24News-ի հետ զրույցում ասաց Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը՝ անդրադառնալով քանդակագործ Լևոն Թոքմաջյանի կողմից իր պապիկի արձանի կերտմանն ու այնուհետև արդեն հեռացմանը։
«Մեծ վրդովմունքի արդյունքում, ցավոք, երևան եկավ մեր հանրության գլխավոր թերություններից մեկը՝ հանրային տիրույթում մենք չենք կարողանում ուղղակի բանավիճել, երկխոսել, կարծիքներ հայտնել, այլ անցնում ենք միանգամից անձնական վիրավորանքների դաշտ։ Եվ սրա արդյունքում մեր համագյուղացիներին, դպրոցի աշակերտներին սոցցանցներում շատ մեծ վիրավորանքներ հասցվեցին, իրենց լուսանկարներն էին տարածում, գրում․ «դավաճաննե՛ր», «ձեզ պետք է քրեական պատասխանատվության ենթարկել» և այլն, և այլն։ Այսինքն՝ այս վիրտուալ հալածանքների արդունքում, բնականաբար, մեր գյուղի բնակիչները պետք է իրավունք ունենային իրենց ձայնը, դիրքորոշումը արտահայտելու, որովհետև, ի վերջո, իրենցն է, իրենց գյուղին է նվիրվել»,-ասաց Պարույր Սևակի թոռը։
Հարցին՝ սկզբնական շրջանում գյուղացիների կողմից արձանը արդյոք հավանության արժանացե՞լ էր, տուն-թանգարանի տնօրենը նշեց․
«Ընդհանհուր առմամբ, կարծում եմ, մարդիկ նորմալ ընդունեցին, բայց, երբ քանդակի պատճառով մարդիկ սկսում են հալածանքի ենթարկվել, նույնիսկ էսթետիկորեն ամենալավ քանդակը պետք է հանգեցներ նրան, որ մարդիկ պարզապես չուզենային այն լիներ»։
Սևակի թոռից՝ Սևակ Ղազարյանից, հետաքրքրվեցինք՝ իսկ իրեն որքանո՞վ էր դուր եկել արձանը կամ արտացոլու՞մ էր Սևակի էությունը․
«Գուցե անձամբ իմ ճաշակին 100 տոկոս չէր համընկնում, բայց ես ընդհանրապես Սևակի քանդակների մեծ մասը, երևի՝ 90%-ը, չեմ հավանում, այդ թվում և շատ հայտնի քանդակներ, որոնք քաղաքում վաղուց կան։ Բայց դա ինձ հիմք չի տալիս հայտարարելու, որ այդ քանդակները պետք է հեռացվեն, որովհետև արվեստը բավականին սուբյեկտիվ երևույթ է և հեղինակային սուբյեկտիվ ընկալում գոյություն ունի»։
Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրենն իր խոսքում նշեց, որ ընդունում է նաև վրդովմունքը, բողոք արտահայտողների տեսակետը, բայց դա վերածել անձնական վիրավորանքների, թշնամանքի միանշանակ անընդունելի է համարում․
«Մեր համագյուղացիները չեն կարող տուժել կամ վատ զգալ որևէ քանդակի պատճառով, սա ինձ համար առաջնային է, այսինքն՝ առաջնային է մարդականց զգացողությունը և հարաբերակցությունը Սևակի հետ։ Մեր բնակիչները միշտ հպարտ են եղել և կան, որ Սևակի համագյուղացիներն են և հիմա Պարույր Սևակի պատճառով իրենք չպիտի վիրավորանքների, հայհոյանքների ականատես լինեն»։
Սևակ Ղազարյանն ասաց, որ արձանի հեղինակի՝ Լևոն Թոքմաջյանի հետ խոսել է, ասել՝ ինչպես որոշեն գյուղացիները, այդպես պետք է վարվեն․
«Երեկ իր հետ խոսել եմ, ասել եմ, որ հարցման ենք դրել։ Ինքը ասաց, որ այս ամբողջն իր թշնամիներն են հրահրել, անձնական բաներ է տեսնում։ Գուցե ֆեյսբուքում գրողների մեջ իր թշնամիներն էլ կան, չեմ բացառում»։
Նշենք, որ քիչ առաջ Պարույր Սևակի տուն-թանգարանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտարարություն էր տարածել՝ ամփոփելով ավելի վաղ հարցման դրված արդյունքները և հայտնել, որ որոշում է կայացվել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել Պարույր Սևակի քանդակը։
Հարցումը անցկացվել է տուն-թանգարանի ֆեսյբուքում էջով՝ միայն Պարույր Սևակ գյուղի բնակիչների շրջանում։ Հարցվածների 79,9%-ը նշել է, որ արձանը պետք է հեռացվի, իսկ 20,1%-ի կարծիքով պետք է մնար դպրոցի բակում։
Մերի Մանուկյան









