Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Դոհայում կկայանա FIFA-ի ամենամյա The Best մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 21:00-ին: Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Երեկոյի ընթացքում հայտնի կդառնան տարվա լավագույն ֆուտբոլիստի, մարզչի, դարպասապահի և խորհրդանշական հավաքականի կազմերը։
Տղամարդկանց 2025 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են.
Ուսման Դեմբելե (ՊՍԺ, Ֆրանսիա)
Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո)
Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա)
Կիլիան Մբապե («Ռեալ», Ֆրանսիա)
Նունու Մենդեշ (ՊՍԺ, Պորտուգալիա)
Կոուլ Պալմեր («Չելսի», Անգլիա)
Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա)
Ռաֆինյա («Բարսելոնա», Բրազիլիա)
Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս)
Վիտինյա (ՊՍԺ, Պորտուգալիա)
Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիա)
«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգի հավակնորդներն են.
Խավիեր Ագիրեն (Մեքսիկայի հավաքական), Միկել Արտետան («Արսենալ»), Լուիս Էնրիկեն (ՊՍԺ), Հանս-Դիտեր Ֆլիկը («Բարսելոնա»), Էնցո Մարեսկան («Չելսի»), Ռոբերտո Մարտինեսը (Պորտուգալիայի հավաքական) և Առնե Սլոտը («Լիվերպուլ»):
Լավագույն դարպասապահի կոչման համար կպայքարեն.
Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ», Բրազիլիա), Տիբո Կուրտուան («Ռեալ», Բելգիա), Ջանլուիջի Դոնարուման (ՊՍԺ/«Մանչեսթեր Սիթի», Իտալիա), Էմիլիանո Մարտինեսը («Ասթոն Վիլա», Արգենտինա), Մանուել Նոյերը («Բավարիա», Գերմանիա), Դավիդ Ռայան («Արսենալ», Իսպանիա), Յան Զոմերը («Ինտեր», Շվեյցարիա) և Վոյցեխ Շչեսնին («Բարսելոնա», Լեհաստան):
Տարվա խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու համար առաջադրվել է 88 ֆուտբոլիստ։
Պուշկաշի անվան մրցանակ (Տարվա լավագույն գոլ).
Անցած մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլի հեղինակի կոչմանը հավակնում են Ալերանդրոն, Ալեսանդրո Դեյոլան, Պեդրո դե լա Վեգան, Սանտիագո Մոնտիելը, Ամր Նասերը, Կառլոս Օրանտիան, Լուկաս Ռիբեյրոն, Դեկլան Ռայսը («Ռեալին» խփած գոլի համար), Ռիզկի Ռամադանին, Կևին Ռոդրիգեսը և Լամին Յամալը («Էսպանյոլին» խփած գոլի համար):
Մրցանակաբաշխության ընթացքում կհայտարարվեն նաև կանանց ֆուտբոլի տարվա լավագույնները (ֆուտբոլիստ, մարզիչ, դարպասապահ, լավագույն գոլ):
Հիշեցնենք, որ The Best մրցանակաբաշխության հաղթողներին ընտրելիս հաշվի են առնվել 2024 թ. օգոստոսի 11-ից մինչև 2025 թ. օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածի ելույթները: Հաղթողները որոշվում են ազգային հավաքականների ավագների և մարզիչների, երկրպագուների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում:









