«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությունն առանձնանում է բազմատեսակ ու հետաքրքիր համերգային ծրագրերով՝ ներգրավելով ինչպես տեղական, այնպես էլ արտերկրից ժամանած երաժիշտների։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ Երևանում համերգային հրավառություն է սպասվում։
«Հոկտեմբերի 11-ին Դիանա Աբգարի անվան այգում Երևանի տոնի համերգային ծրագրի մեկնարկը կտրվի էլեկտրոնային երաժշտական համերգով։ Երեկոյան հայաստանյան դիջեյները իրենց կատարումներով կուրախացնեն երևանցիներին։ Արդեն ժամը 21։00-ին համերգային ծրագրով հանդես կգա հանրահայտ դիջեյ Բենի Բենասին, որի այցը բավական սպասված է»,-ասաց Լևոն Հովհաննիսյանը։
Տոնական միջոցառումները կշարունակվեն հոկտեմբերի 12-ին և մայրաքաղաքում ապակենտրոնացված ձևաչափով կանցկացվեն տարբեր միջոցառումներ։ Կասկադում կլինի ջազային համերգային ծրագիր, Դիանա Աբգարի անվան այգում նախատեսված է ռոք համերգ, իսկ դասական երաժշտության սիրահարները կարող են այցելել Օպերային թատրոնի հարակից տարածք։ Դասական համերգը տեղի է ունենալու Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Էստրադային համերգի սիրահարներին կսպասեն Շառլ Ազնավուրի հրապարակում, սպորտային ծրագրեր կանցկացվեն Սախարովի հրապարակում, իսկ ահա երեխաների համար առանձնացված գոտի կլինի Կարապի լճի հարևանությամբ։ Դիանա Աբգարի անվան այգում կանցկացվի նաև գարեջրի փառատոն։
Տոնական միջոցառումները կամփոփվեն ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում հանրահայտ երգիչ Թաթա Սիմոնյանի համերգով, որին կմասնակցի նաև ճանաչված ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան։