ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից վաշինգտոնյան համաձայնագրից հետո «Զանգեզուրի միջանցք» արտահայտության օգտագործմանը։
Նա ասաց, որ ստրագրված փաստաթղթով Հայաստանի և Ադրբեջանի կոմունիկացիաները պետք է կպնեն իրար, բայց TRIPP նախագիծը Հայաստան և Միացյալ Նահանգներ երկկողմ քննարկման հարց է, և դրա տակ կա ոչ միայն ՀՀ վարչապետի, ոչ միայն Միացյալ Նահանգների նախագահի, այլ նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունները։
Բացի այդ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել են մտադրությունների հուշագիր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի զարգացման մասին, որտեղ ԱՄՆ-ի հետ մենք պայմանավորվել ենք, որ նախագիծն իրականացվելու է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության սկզբունքների հիման վրա, և ԱՄՆ-ն հետաքրքրված է այնտեղ ներդրումներ անելու։
«Մնացածը սուբյեկտիվ իրականություն է, և ակնհայտ է, որ ՀՀ տարածքում չի կարող լինել ձեր նշած անունով գոյություն ունեցող ենթակառուցվածք։ Բայց ես չեմ կարող բացառել, որ այդ անունը Ադրբեջանում օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով այնքան պոպուլյար է դարձել, որ Ադրբեջանը կարող է իր տարածքով անցնող որևէ ենթակառուցվածք, այդ թվում այն ենթակառուցվածքներից, որը պետք է միանա, օրինակ, TRIPP-ին, անվանել ցանկացած անունով և ցանկացած մարդու անունով։
Բայց դա ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ օրակարգի, ՀՀ ձեռքի բերված պայմանավորվածությունների, առավել ևս Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ կապ չունի»,- ասաց Փաշինյանը։