Foto

Կկարողանա՞ն վերադարձնել ԱՆԻՖ-ից ստացած գումարները. Կառավարության որոշումը. Hetq.am

2025 թվականի օգոստոսի 28-ին Կառավարությունը ընդունել է որոշում 2020 թվականի մայիսի 21-ի թիվ 771-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Այդ որոշմամբ գործադիրը թույլատրել է «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» ֆոնդի կառավարչին օտարել  պետական բաժնեմասնակցությամբ ընկերություններում ունեցած մասնաբաժինները։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

2019-ի դեկտեմբերին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն՝ ԱՆԻՖ-ը, հիմնադրեց դուստր ընկերություն՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն: Որն էլ իր հերթին ՀՀ կենտրոնական բանկում գրանցեց «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդը:

Այս ֆոնդի ստեղծման նպատակը կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական դժվարություները հաղթահարելն էր։

2020-2023 թվականների ընթացքում «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների» ֆոնդը ներդրումներ կատարեց 10 ընկերությունում։ Ընդհանուր ներդրումների չափը 6 մլրդ 649 մլն 718 հազար դրամ էր։ Այդ ներդրումների արդյունքում պետությունը տարբեր ընկերություններում ձեռք բերեց մինչև 49% մասնաբաժիններ։

Կառավարության որոշմամբ օտարման գինը սահմանվել է մասնավոր բաժնեմասնակցային ընկերությունում ներդրված գումարի չափի և դրա ներդրման օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսավճարների հանրագումարը՝ նվազեցնելով վճարված շահութաբաժինները։

Օրինակ՝ «Յունիվերսալ քլոզրս» ՓԲԸ-ն ստացել է 1 մլրդ 676 մլն դրամի ներդրում։ Ներդրման պահից անցել է 936 օր, մոտ 2,5 տարի։ Հիմա ընկերությունը պետք է պետությանը վերադարձնի 2 մլրդ 118 մլն դրամ՝ 441 մլն դրամով ավելի։

Ֆոնդից ներդրում ստացած ընկերություններից երկուսի դեպքում արդեն իսկ իրականացվել է Ֆոնդին պատկանող բաժնետոմսերի վաճառք։ «Սիդ Թու Ֆարմ» ՓԲԸ-ի` Ֆոնդին պատկանող բաժնետոմսերը վաճառվել են մյուս բաժնետիրոջը (ներդրված գումարը՝ 265,9 միլիոն ՀՀ դրամ, վաճառքի գումարը՝ 346 միլիոն ՀՀ դրամ), իսկ «Ժամանակակից վիրաբուժության կլինիկա» ՓԲԸ-ի դեպքում՝ երրորդ անձի (ներդրված գումարը՝ 63 միլիոն ՀՀ դրամ, վաճառքի գումարը՝ 63,9 միլիոն ՀՀ դրամ)։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: