Foto

Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում,  նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոստովյան 17 շենքում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված վայրից մեկ հոգի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաև Էրեբունու դատախազության 2 դատախազ։

Դեպքի փաստով Էրեբունու քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում՝ շենքի մուտքի մոտ, աստիճաններին և 2-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ արնանման հետքեր, պատշգամբի դռան ապակու վրա նույնպես կան կրակոցի հետքեր, իսկ դրսում հայտնաբերվել է մետաղե սանդուղք, որով կասկածյալներից մեկը մտել է տուն, իսկ մյուսը մուտքից է մտել ու այդ ժամանակ տանը մնացող տղամարդը, ով նախկինում սպանության համար եղել է դատապարտված և ոտքին էլ եղել է «բրասլետ», իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգին վնասվածքներ է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողին, վտանգելով իրենց կյանքը, տեղում վնասազերծել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները և չէր բացառվում, որ վնասազերծելու պահին նա կրակոցներ արձակեր պարեկների ուղղությամբ, և եթե պարեկները պրոֆեսիոնալիզմ չցուցաբերեին, հնարավոր է վիրավորների թիվը ավեկանալար, այդ թվում՝ վիրավորում ստանային հենց իրենք՝ պարեկները։