Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է. «… Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում»:
Ի՞նչ է սա՝ խաբված բանակցողի նեղացած կեցվա՞ծք, ներքին լսարանի ու միջազգային
գործընկերների մոտ դեմքը պահելու փո՞րձ: Իսկ գուցե ցանկանում է Վաշինգտոնում դրված
ստորագրությունից ինչ-որ պատրվակով հե՞տ կանգնել: Առողջ դատողությամբ և իր երկրի ազգային
ու անվտանգային շահը գիտակցող ղեկավարը պետք է որ հասկանար, որ իրեն օգտագործել են
որպես «Նոբելյան մրցանակի մատերիալ», ներքին լսարանը (բացառությամբ իր նեղ թիմակիցների)
հրաժարվում է ընդունել կեղծիքը, իսկ տարածաշրջանային գործընկերների մեծ մասը զգուշավոր
կամ քննադատաբար են վերաբերվում այդ պայմանավորվածություններին: Բացի Թուրքիայից և
Ադրբեջանից, տարածաշրջանի մեր բոլոր հարևանները հնարավորինս դիվանագիտորեն հասկացնում
են, որ տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը խախտելով՝ մեծանում է նոր պատերազմի
վտանգը, միակողմանի զիջումներով խաղաղություն չի հաստատվելու, որովհետև դա ուղղակիորեն
ազդելու է հենց հարևաննների, այդ թվում՝ հնարավոր դաշնակից, անվտանգության ու կարմիր
գծերի վրա:
Բայց դա՝ առողջ դատողության դեպքում: Ակնհայտ է, որ Փաշինյանը հիմա մեկ գերնպատակ
ունի՝ պահպանել իշխանությունը, որպես իր անձնական անվտանգության երաշխիք: Բացի Ադրբեջանից,
ոչ մեկը հիմա չի կարող երաշխավորել, առավել ևս՝ օժանդակել, որ Փաշինյանը հաղթահարի
հերթական կամ արտահերթ ընտրությունների պատնեշը: Ամեն երկիր ունի իր պատճառները, բայց
դա այլ թեմա է: Նույնիսկ Ադրբեջանը չի ցանկանում վերջնական ու անբեկանելի երաշխիքներ
տալ և շարունակում է Վաշինգտոնում «համաձայնեցված տրամաբանությունից» դուրս բառապաշար
օգտագործել: Հիմա օրակարգային է, թե, բացի Ադրբեջանից, ո՞ւմ վրա կփորձի վաճառել իր
«խաղաղության խաչմերուկը»: Գնորդները կան, բայց նրանք էլ իրենց հերթին ներքին հակասություններ
ունեն և դեռ պատրաստ չեն վճարում կատարել:
Վերը մեջբերված հայտարարությամբ Փաշինյանը փորձում է ցուցադրել իր լոյալությունը
բոլոր գնորդների նկատմամբ, բայց ոչ թե վաճառվելու, այլ Ադրբեջանից առավել հաստատուն
երաշխիքներ կորզելու համար: Այլապես ինչպե՞ս բացատրել, որ մեկ Մեհրիբանի հետ ֆոտոսեսիա
էս ցուցադրում, մեկ՝ այդպիսի հայտարարություններ անում:
Առողջ տրամաբանությունը հուշում է, որ Փաշինյանը պետք է արդեն զանգահարած լիներ
«մեծ խաղաղարար» Թրամփին: Չէ՞ որ ասվել է. «խնդիրներ լինեն՝ զանգեք»: Փոխարենը՝ ԱՄՆ
նախագահի «քավորությամբ» կնքված համաձայնությունների պատասխանատվությունը Փաշինյանը
փորձում է բարդել տրամագծորեն հակառակ աշխարհաքաղաքական բևեռի առաջնորդների վրա: Ձեռագրը
ճանաչելի է:
Տեղին է հիշել հայտնի անեկդոտը՝ մի փոքր ձևափոխված. «Ով աղիքային խանգարում
ունենա, ով գնա սանատորիա»: