Foto

Գազայում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 71 պաղեստինցի

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 71 պաղեստինցի, ևս 339-ը վիրավորվել են։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Միևնույն ժամանակ, նախարարությունը հայտարարել է վերջին 24 ժամվա ընթացքում սովից և թերսնումից ևս 4 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի մահվան մասին։ Այսպիսով՝ սովի և թերսնման զոհերի թիվը հասել է 317-ի, որոնց թվում 121-ը երեխաներ են։


«Գազայի հատված լրացուցիչ պարենային օգնություն է հասնում, սակայն այն դեռևս բավարար չէ սովը կանխելու համար»,- ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնը։ 

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմադ բին Աբդ ալ-ռահման ալ-Թանի ափսոսանք է հայտնել, որ միջազգային հանրության կողմից որևէ գործողություն չեն տեսնում Գազայում տեղի ունեցող իրավիճակը դադարեցնելու համար։ 

«Կատարի Պետությունը և Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը վճռական են Գազայում հրադադարի հասնելու հարցում»,- նշել է նա։

Իր հերթին Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդ ալ-Ատին նշել է, որ Պաղեստինի ժողովրդի տեղահանումը ցանկացած պատրվակով բացարձակապես անընդունելի է։ 

«Իսրայելի անզիջում դիրքորոշումը պահպանվում է, և մենք շարունակում ենք ճնշում գործադրելու մեր ջանքերը՝ համաձայնության հասնելու համար»,- նշել է նա։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է. «Մեր ուժերը ցերեկ ու գիշեր գործում են պատերազմի բոլոր կողմերում՝ հանուն Իսրայելի անվտանգության»։ 

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 62966 հազարի, վիրավորվել է  159266 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։ 

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1,200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։