Foto

Գազայում թերսնման հետևանքով զոհերի թիվը հասել է 271-ի

Գազայի հատվածի շրջափակման պայմաններում թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 271-ի, նրանցից 112-ը երեխաներ են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 21-ին հայտարարել է Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։

«Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած երկու մարդու մահ։ Դրանով իսկ սովից մահացածների թիվը հասնում է 271-ի, այդ թվում՝ 112 երեխաներ», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Գազայի վարչակազմի տվյալներով՝ հուլիսի 27-ից օգոստոսի 20-ը պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումները մասնակիորեն վերսկսելուց հետո Իսրայելը թույլատրել է 2187 բեռնատարի մուտք գործել Գազայի հատված, ինչը բավարարում է բնակչության կարիքների ոչ ավելի, քան 15%-ը։ Ընդ որում, Իսրայելն արգելում է հարյուրավոր տեսակի սննդամթերքի մուտքը Գազայի հատված, այդ թվում՝ անհրաժեշտ այնպիսի սննդամթերքներ, ինչպիսիք են կարմիր միսը, ձուկը, հավկիթները, մրգերն ու բանջարեղենը, կաթնամթերքի որոշակի տեսակներ։

Տեղական իշխանությունները պնդում են, որ բեռնատարների մեծ մասը թալանվում է իսրայելական զինվորականների թողտվությամբ։ Նրանց գնահատականներով՝ բնակիչների սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքների, վառելիքի և դեղորայքի նվազագույն կարիքները բավարարելու համար ամեն օր պետք է թույլատրվի մոտ 600 բեռնատար մարդասիրական օգնություն։