Շինանյութի առևտրով զբաղվող խոշոր ընկերության նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը բացահայտել է էական ծավալներով ստվերային շրջանառություն։
Այսպես՝ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժնում ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ շինանյութի մանրածախ առևտրով զբաղվող խոշոր ցանցը տարիներ շարունակ ապրանքներն իրացրել է և չի տրամադրել հաշվարկային փաստաթուղթ ու ՀԴՄ կտրոն։
Համաժամանակյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք վկայում են, որ ընկերության իրական իրացման ծավալները հարկային մարմին ներկայացված տվյալների համեմատ էականորեն գերազանցել են։ Այսինքն՝ բացահայտվել է համակարգային սխեմա, որի միջոցով տնտեսվարողը թերհայտարարագրումների ճանապարհով խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկային պարտավորություններից։
Նախնական հաշվարկով՝ շինանյութի առևտրով զբաղվող ընկերության կողմից չհայտարարագրված շուրջ 3.5 միլիարդ դրամի շրջանառության արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 1.1 միլիարդ դրամի վնաս։ Բացի պետական բյուջեին հասցված էական վնասից, նման դեպքերը խաթարում են նաև արդար մրցակցությունը՝ խաթարելով օրինապահ և թափանցիկ գործունեություն իրականացնող տնտեսվարողների շահերը։
Հիմք ընդունելով ձեռքբերված ապացույցները՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հատկանիշներով:
Վարույթային և օպերատիվ-հետախուզական գործողությունների շրջանակներում ընկերության գործունեության հասցեներում իրականացվել են խուզարկություններ, առգրավել են նախաքննության համար կարևորություն ունեցող փաստաթղթեր, տվյալների շտեմարան, էլեկտրոնային այլ կրիչներ։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ստվերային տնտեսության դեմ պայքարը շարունակական բնույթ է կրում և պետությանը հասցված վնասներն ենթակա են լիարժեք փոխհատուցման։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։