Կառավարությունը մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման, կառուցման, նաև հենապատի վերակառուցման նպատակով 9.6 մլրդ դրամ կհատկացնի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2025թ պետական բյուջեում վերաբաշխում իրականացնելու վերաբերյալ նախագիծը հավանություն ստացավ կառավարության օգոստոսի 21-ի նիստում:
«Նախագծով առաջարկվում է կառավարության միջոցներից շուրջ 9.6 մլրդ դրամ ուղղել տարբեր ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, հեղինակային, տեխնիկական հսկողության փաստաթղթերի ձեռքբերման, ճանապարհների միջին նորոգման աշխատանքների, ինչպես նաև արդեն ավարտված ճանապարհների աշխատանքների համար վճարմանը»,-ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Առաջարկվող նախագծով նորոգվող ճանապարհների ընդհանուր երկարությունը 115.3 կմ է, վերակառուցվող հենապատերի քանակը՝ 1:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն ծրագրերը, որոնք ֆինանսավորում են ներկայացված փաթեթով: Դրանց թվում է Գյումրի քաղաքից մինչև ՀՀ սահման տանող ավտոճանապարհի 900 մետր հատվածի հիմնանորոգումը, Վեդի քաղաքով անցնող ավտոճանապարհի՝ 3.8 կմ հատվածի հիմնանորոգումը, Արմավիրի մարզի Արազափից Արգավանդ տանող ավտոճանապարհի 10 կիլիոմետրանոց հատվածի հիմնանորոգումը, Լոռու մարզում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 43–րդ կիլոմետրում փլուզված ստորին հենապատի վերակառուցումը (ջրհեղեղի հետևանքների վերացման գործընթացների շրջանակում) և այլն: