Foto

«Կամեցողների կոալիցիայի» ոչ բոլոր անդամներն են ձգտում զորքեր ուղարկել Ուկրաինա. Լեհաստանի ՊՆ

«Կամեցողների կոալիցիայի» ոչ բոլոր անդամներն են ձգտում իրենց զինվորերին ուղարկել Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:

«(Կամեցողների կոալիցիան) բոլոր նրանք են, ովքեր ցանկանում են օգնել խաղաղության պահպանմանը տարբեր միջոցներով: Կան պետություններ, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում իրենց ռազմական մասնակցությունը (Ուկրաինայում)», - նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Լեհաստանը, նրա խոսքով՝ նախկինի նման  մտադիր չէ իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա՝ արևմտյան երկրների հնարավոր առաքելության շրջանակներում, քանի որ Վարշավան ունի ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության այլ խնդիրներ:

Օգոստոսի 13-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «Կամեցողների կոալիցիայի» իր գործընկերներին հղած ուղերձում հայտնել է Ուկրաինայում հրադադարի դեպքում «զսպման ուժերի տեղակայման՝ արդեն մշակված ծրագրերն» իրականացնելու  պատրաստակամության մասին: