Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) «Հետք»-ի հրապարակման հիման վրա վարչական իրավախախտման վերաբերյալ գործ է հարուցել և որոշել Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի նկատմամբ 300 հազար դրամի չափով վարչական տույժ կիրառել։
2021-ի փետրվարին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի օգնական Գեղամ Ջիլավյանը հիմնադրել է «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ։ 2022-ի օգոստոսի 5-ին Նոյեմբերյան համայնքի ավագանու արտահերթ նիստում, համայնքի ղեկավարի առաջարկով, ավագանին որոշել է համաձայնություն տալ և Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոց թիվ 39 հասցեում 296 քմ մակերեսով տարածքը վարձակալական հիմունքներով տրամադրել «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ին։ Տարածքը տրամադրվել է 4 տարի ժամկետով՝ ամսական 70,000 դրամ վարձավճարով։ Որոշմանը կողմ է քվեարկել ավագանու 15 անդամ, այդ թվում՝ համայնքի ղեկավարը։
2025-ի փետրվարի 17-ին, հիմք ընդունելով ավագանու՝ պայմանագրում փոփոխություն կատարելու որոշումը, համայնքի ղեկավարը որոշել է Նոյեմբերյանի համայնքապետարանի և «Ջի Գարաժ» ՍՊԸ-ի միջև 2022թ. հոկտեմբերի 31-ին կնքված պայմանագրում վարձակալության ժամկետը դարձնել 25 տարի: Մինչ այս որոշումը՝ 2024-ի դեկտեմբերին, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի որդին՝ Վահագն Աղաբաբյանը, նշանակվել էր «Ջի-Գարաժ» ՍՊԸ-ի տնօրեն։
Որոշման փաստաթղթում ԿԿՀ-ն անդրադառնում է «Հանրային ծառայության մասին» օրենքի որոշ հոդվածների, որոնց համաձայն պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման իրավիճակի առաջացումից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելուց։ Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը (համայնքի ղեկավարի պաշտոնը քաղաքական է) շահերի բախման դեպքերում պարտավոր է այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել ԿԿՀ, իսկ չնկերկայացնելը առաջացնում է տուգանք 300 հազար դրամի չափով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, այս և այլ մանրամասներ հաշվի առնելով, որոշել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ 300 հազար դրամի չափով։